2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՈՒՏԸ ՔԱՐՈԶԵԼՈՒ ՎԱՐՊԵՏ Է ԴԱՐՁԵԼ»

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՈՒՏԸ ՔԱՐՈԶԵԼՈՒ ՎԱՐՊԵՏ Է ԴԱՐՁԵԼ»
23.11.2010 | 00:00

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի` ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող ելույթները լայն քննարկման առիթ են դառնում։ Լեռնային Ղարաբաղում զորավարժությունների ժամանակ նախագահի ելույթը ևս բացառություն չէր։ Զորավարժությունների ու նախագահի ելույթի առնչությամբ մեզ հետ զրույցում իր գնահատականները ներկայացրեց գեներալ-մայոր, ղարաբաղյան ազատամարտի հերոս ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ։
-Զորավարժությունները ոմանք համարեցին պատասխան Ադրբեջանից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին։ Որպես զինվորական, Դուք այն ինչպե՞ս կգնահատեք։
-Նախ, զորավարժությունները լինում են պլանավորված ու չպլանավորված և անցկացվում են ամեն տարի։ Վերջինն իրականացվել է գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ։ Այնպես չի լինում, որ այսօր որոշեցին ու զորավարժություն անցկացրին։ Դրա համար մի քանի ամիս պատրաստվում են։ Իսկ Ադրբեջանի հռետորությանը շատ լավ ծանոթ ենք, ասել կուզե` պատեհ-անպատեհ հոխորտանքներ, թե հա՜յ-հա՜յ մեր հողերը պիտի ազատենք։ Այնպես որ, Ալիևի կոչերի համար առանձնահատուկ զորավարժություն չի կազմակերպվում։ Այլ բան է Սերժ Սարգսյանի խոսքը, որի հետ յուրաքանչյուր զինվորական համաձայն է։ Եթե մեզ վրա հարձակվեն, կստանան արժանի հակահարված։ Ի դեպ, այդ զորավարժություններն Ադրբեջանում կընդունվեն այնպես, իբր Հայաստանը պատերազմ է ուզում, Սերժ Սարգսյանը վախեցնում է, ագրեսիա են անում, այնինչ այդ ամենն անհեթեթություն է։ Վատն այն է, որ նրանց մոտ այդօրինակ քարոզչությունը շատ ուժեղ է, պետք է կարողանանք դա կասեցնել։ Զորավարժությունները պիտի շարունակական բնույթ կրեն։ Ժողովրդին միշտ պիտի պատրաստել, համախմբել։ Մենք միայն մեզ վրա պիտի հույս դնենք։ Մենք կռիվ, պատերազմ չենք ուզում, չենք ուզում նաև հարձակվել։ Մեր քարոզչությունը, դիվանագիտությունը շատ արագ ու համարժեք պիտի արձագանքեն Ադրբեջանի խեղաթյուրած փաստերին։ Հիմա բոլորը Հայաստանում ասում են, թե իրենց կարծիքն ամենաճիշտն է, սակայն այդ «ճշմարտությունը» պիտի կարողանան արտաքին աշխարհին ևս հասանելի դարձնել։ Ադրբեջանը սուտը քարոզելու վարպետ է դարձել, ու ցավալի է, որ մեզանում ոմանք ավելի շատ հավատում են նրանց, քան մեզ։
-Ասում են` լավագույն պաշտպանությունը հարձակվելն է։ Դուք փաստեցիք, որ պիտի ժողովրդին պատրաստ պահել, երկրի նախագահն էլ հայտարարել է, թե պատերազմ չենք ուզում, բայց եթե պահը գա, կարող ենք հակահարված տալ։ Այս պարագայում ինչպե՞ս եք գնահատում մեր զինուժի պատրաստվածությունը։
-Մեր սպաներն էլ, նախարարն էլ մշտապես նշում են, որ հայոց բանակն ավելի քան մարտունակ է։ Բանակին գնահատականներ տալիս են նաև մասնագետները, որոնք տարբեր երկրների հետախույզներ են ու շատ լավ գիտեն այս ոլորտում տիրող իրավիճակի մասին։ Եթե դրանք բացասական լինեին, Ադրբեջանը վաղուց հարձակվել էր։ Այն զինամթերքը, որն այսօր ունենք, բավական է ու անգամ ավելի մեզ նման երկրի համար։ Սակայն մենք ստիպված ենք ունենալու այդ սպառազինումը, քանի որ գտնվում ենք այսպիսի պայմաններում։
-Ասել է` Ալիևի հոխորտանքներն ավելի շատ ներքի՞ն օգտագործման համար են, քանի որ հասկանում է` ինչպիսի բանակի հետ գործ ունի։
-Այո, շատ երկրների պահվածքը նաև սրանով է պայմանավորված։ Տարիներ շարունակ Ալիևն ասում է, թե հայկական պետություն չի եղել, քարտեզի վրա նման երկիր չի եղել և այլն։
-Սակայն վերջերս Սերժ Սարգսյանը հակահարված տվեց նման հայտարարություններին` կասկած հայտնելով նրանց, որպես ազգի, ծագման մասին։ «Թուրքիային ասում են իրենց նոր կարգախոսը. «Մեկ ազգ, երկու պետություն», այսինքն` թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են, բայց ապրում են երկու պետության մեջ։ Հինգ րոպե հետո ասում են, որ իրենք թուրք չեն, ավելի ճիշտ` թուրք չեն եղել, եղել են աղվան, գրել են գրքեր, որ մեզ չեն հասել, որովհետև հայերը բոլոր այդ մատյանները վառել են, եղել են աղվան, հետո փոխել են իրենց լեզուն, դարձել են թուրք... Լեզու, ազգ ու կրոն, աշխարհագրություն ու պատմություն փոխելն իրենց գործն է, բայց հակահայ ֆաշիզմի դրսևորումն արդեն մեր գործն է»։
-Նախագահը շատ ճիշտ է նկատել։ Այդ երկրում ապրում է 11-12 ազգություն (աղվան, թալիշ, լեզգի և այլն), որոնց մի մասը եկվոր է։ Վերջերս նրանց դպրոցականներից մեկը հետաքրքիր հարցադրում էր արել մշակույթի նախարարին, թե ո՞ր պատմությունը պետք է նրանք սովորեն, որովհետև Ադրբեջանն ունի մի քանի պատմություն։ Այդ երկրում ազգային առանձնահատկությունները շատ ուժեղ են, ու ինքնագիտակցությունը գնալով մեծանում է։ Սա է պատճառը, որ Ադրբեջանի իշխանությունները մտավախություն ունեն, որ անկախություն տալով Ղարաբաղին, հնարավոր է` իր երկրում ևս նման պահանջ դնողներ լինեն։ Ինչպես նախագահն է ասել` նրանք իսկապես այսօր խնդիր ունեն հասկանալու, թե ովքեր են։ Ներկայումս այնտեղ իշխում է ոչ թե ինչ-որ ազգություն, այլ Ալիևի կլանը, և ողջ երկրի հարստությունն այդ կլանի ձեռքին է։ Ինչպես ժամանակին Լենինի արձանն էր ամենուր տեղադրվում, այնպես էլ Ադրբեջանում` Հեյդար Ալիևինը։ Հազարավոր դոլարներ են ծախսվում այդ ուղղությամբ։ Ի վերջո, եթե պահը գա, մեզ դաշնակից կարող են դառնալ հենց Ադրբեջանում ապրող ազգերը։ Փորձագետների դիտարկմամբ, տասը տարի հետո Ադրբեջանը բավականին մեծ խնդրի առաջ կկանգնի իր իսկ երկրի ներսում։
-Այս իրավիճակում մեր խնդիրն է ցույց տալ Ադրբեջանի իրական դեմքը, պատմական փաստարկներով ներկայացնել ճշմարտությունն ու արագ արձագանքել նրանց հիստերիային։ Այդպե՞ս է։
-Каков привет, таков ответ։ Մեր դիվանագետները չպետք է ամեն ինչ կուլ տան։
-Առաջիկայում հերթական հանդիպումն է լինելու բանակցող կողմերի միջև։ Որքա՞ն պետք է սպասել հիմնախնդրի վերջնական լուծմանը։
-Բանակցությունները պետք են։ Մինչև վերջերս Հայաստանի նախագահը փորձում էր կոռեկտություն ու զսպվածություն պահել, սակայն այժմ արդեն կոշտ որակումներ է տալիս։ Խնդիրն այն է, որ մինչ Սերժ Սարգսյանի իշխանավարելը Ղարաբաղի հարցում փաստաթղթեր են ստորագրվել, որոնք հօգուտ մեզ չեն։ Եվ հիմա ադրբեջանցիներն ամեն տեղ դրանք դրոշակ դարձրած ծածանում են։ Ալիևին պիտի պարզ հասկացնել, որ միջազգային բոլոր օրենքներով մենք կարող ենք հարցը լուծել հօգուտ արցախցիների։ Իսկ հանդիպումներն էլ չպետք է զուտ արձանագրային լինեն, այլ պետք է ընթանա սկզբունքային զրույց` այդ տարածքները մերն են ենթատեքստով։ Խնդիրը ոչ թե կոշտ կամ մեղմ քաղաքականություն վարելն է, այլ միջազգային օրենքներով հարցը կարգավորելը։
-Նախագահի վերոնշյալ հայտարարությունների մեջ Դուք ռասիզմի տարր նկատե՞լ եք։ Օրինակ, ընդդիմությունն այդպես է մտածում։
-Հենց նման վատ որակումներն են օգտագործվում ադրբեջանական մամուլի կողմից և ի ցույց դրվում միջազգային հանրության առջև։ Մինչդեռ, երբ մենք մեր տարածքներն էինք ազատագրում, այդ ասողներն Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու խոստումներ էին տալիս։ Սրանով ընդդիմությունը թուլացնում է մեր դիրքերը, քանի որ նրանց կռիվը միայն իշխանություն ունենալու համար է։ Հարցեր կան, որտեղ անգամ ընդդիմությունը պիտի զուսպ վերաբերմունք որդեգրի։ Մինչև 98-ը ղարաբաղի հարցը համարում էին լուծված, այսինքն` Ադրբեջանի կազմում։ Սակայն հիմա իրենք են ասում` այ, Ղարաբաղի հարցը լուծված է, հողերը հանձնում են։
-Փոխզիջումային տարբերակը, ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է կիրառվի։
-Նախ, փոխզիջման մասին առաջինը մենք սկսեցինք խոսել, և դա այն դեպքում, երբ պարտված կողմը նույնիսկ չի էլ մտածում այդ մասին։ Չպետք է այս տարածքները սակարկության առարկա դարձնել։ Թուրքիայի պես հզոր դաշնակից ունի Ադրբեջանը, այնինչ մենք նման գործընկեր չունենք։
-Իսկ Ռուսաստա՞նը։
-Ռուսաստանն իր շահերն ու հետաքրքրություններն ունի։ Նա և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դաշնակիցն է։ Մեր հույսը մենք ենք։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ